Հայաստանը և Արցախն ունեն ապագա, դա լուսավոր ապագան է, և այդ ապագայում տեղ չունի Փաշինյանի թիմը․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)
Հայաստանը և Արցախն ունեն ապագա, դա լուսավոր ապագան է, և այդ ապագայում տեղ չունի Փաշինյանի թիմը։ Այս մասին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ պատասխանելով Tert.am-ի այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ ինչպիսի ապագա կարող է ապահովել Արցախի և Հայաստանի համար։
«Փաշինյանը և իր թիմը չունեն այն գիտակցումը, որ իրենք սխալ են արել, որ իրենց քայլերը բերեցին այս արդյունքին, հետևաբար իշխանության մնալու դեպքում նրանք շարունակելու են քանդել երկիրը։ Երեք տարի իշխանության լինելով հանդերձ՝ նրանք որևէ բան չեն կառուցել»։
Հարցին՝ որպես ընդդիմադիր պատգամավոր ինչ կարծիքի է՝ ինչու պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը Արցախ չի գնում, Գորգիսյանը նշեց․
«Կուզենայի ասել, որ ամաչում է, բայց, նրան ճանաչելով, կասեմ, որ նա չի ամաչում։ Երևի իրենից հարցնեք, թե ինչու չի գնում»։