Օքսֆորդի համալսարանը COVID-19-ից ապաքինված կամավորներին գիտափորձի շրջանակում դարձյալ կվարակի կորոնավիրուսով (տեսանյութ)
Օքսֆորդի համալսարանը հայտարարել է հետազոտական նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակում երիտասարդ կամավորները, որոնք նախկինում ապաքինվել են կորոնավիրուսից, նորից կվարակվեն հիվանդությամբ՝ պարզելու, թե իմունային արձագանքի ինչ մակարդակ է անհրաժեշտ կրկնավարակը կանխելու համար, և ինչպես է իմունային համակարգը երկրորդ անգամ արձագանքում վիրուսին:
Այս մասին տեղեկանում ենք համալսարանի պաշտոնական կայքից:
Նշվում է՝ փորձարկմանը մասնակցող կամավորները չպետք է պատվաստված լինեն հիվանդության դեմ և պետք է ունենան պահպանված հակամարմիններ:
Հետազոտությունը կանցկացվի երկու փուլով: Այդ փուլերում ընդգրկված կլինեն տարբեր մասնակիցներ: Նշվում է՝ առաջին փուլի ընթացքում, որը կսկսվի 2021 թվականի ապրիլին, կամավորները կստանան կորոնավիրուսի «նվազագույն չափաբաժին»:
Հետազոտողները ակնկալում են, որ բավական կլինի վարակել մասնակիցների կեսին՝ առանց նրանց մոտ հիվանդության լուրջ ախտանշաններ առաջացնելու: Այս փուլի համար Օքսֆորդի համալսարանին անհրաժեշտ կլինի 18-30 տարեկան 64 կամավոր, իսկ հետազոտության նպատակով օգտագործվող վիրուսը կլինի Չինաստանի Ուուհան քաղաքում սկզբնապես տարածում գտած կորոնավիրուսը:
Մասնակիցները 17-օրյա կարանտին կանցնեն հատուկ հիվանդանոցային բաժանմունքում:
Երկրորդ փուլում, որը նախատեսվում է սկսել 2021 թվականի ամռանը, բոլոր մասնակիցներին կվարակեն կորոնավիրուսի «ստանդարտացված չափաբաժնով», որի ծավալը նախատեսվում է հաստատել առաջին փուլում: Ուսումնասիրության ընդհանուր տևողությունը 12 ամիս է:
Համալսարանը խոստացել է, որ մասնակիցների համար ռիսկերը «հնարավորինս կկրճատվեն», իսկ ցանկացած կամավորի համար, որի մոտ բարդություններ կառաջանան, կսահմանվի բուժում ամերիկյան Regeneron Pharmaceuticals ընկերության մոնոկլոնալ հակամարմինների միջոցով: