Հունաստանը թրոմբի առաջացման դեպքերի ֆոնին դադարեցրել է Johnson & Johnson’s պատվաստանյութի տարածումը
Հունաստանը դադարեցրել է կորոնավիրուսի դեմ Johnson & Johnson’s պատվաստանյութի տարածումը, հայտնում է Greek City Times-ը՝ հղում տալով Հունաստանի Պատվաստումների ազգային կոմիտեի ղեկավար Մարիա Թեոդորիդուի հայտարարությանը։
«Պետք է սպասել ինչպես Դեղերի եվրոպական գործակալության, այնպես էլ ԱՄՆ-ի սննդի և դեղերի վարչության եզրակացություններին», - ասել է Թեոդորիդուն։
Այժմ Johnson & Johnson’s պատվաստանյութի ներարկման հետևանքով արյան հազվադեպ հանդիպող թրոմբ է հայտնաբերվել Միացյալ Նահանգների 50 տարեկանից ցածր 6 անձի մոտ։
Նա նաև հավելել է, որ Հունաստանում մահերի 10-ից 9-ը գրանցվել է պատվաստում չստացած մարդկանց շրջանում, մինչդեռ պատվաստման երկու ներարկում ստացած մարդկանց մոտ մահացության մակարդակը շատ ցածր է։
Հայտնի է, որ Հունաստան է մատակարարվել Johnson & Johnson’s պատվաստանյութի 33 600 դեղաչափ և մայիսին նախատեսվում է 300 հազար, իսկ հունիսին մոտ 960 հազար դեղաչափի մատակարարում։
Բացի վերանշյալ պատվաստանյութից՝ Հունաստանում պատվաստումներ են իրականացվում նաև Pfizer-BioNTech, AstraZeneca և Moderna պատվաստանյութերով:
Մինչ այժմ բնակչության 16,75 տոկոսը ստացել է պատվաստման առաջին, իսկ 7,45 տոկոսը` երկու չափաբաժինները։