ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Էստոնիայի նախկին ղեկավարի` ռուսաստանցիների մուտքը ԵՄ արգելելու մասին կոչին
Էստոնիայի նախկին նախագահ Թոոմաս Հենդրիկս Իլվեսը, որն առաջարկել է արգելել ռուսաստանցիների մուտքը Եվրամիություն, պետք է Թուրքիայի և Հունաստանի ղեկավարների հետ խոսի ռուս զբոսաշրջիկների կարևորության մասին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
«Նա (Իլվեսը) պետք է խոսի այնպիսի երկրների ղեկավարների հետ, ինչպիսիք են Թուրքիան և Հունաստանը, զբոսաշրջության և մասնավորապես դրա ռուսական հատվածի կարևորության մասին»,-պատասխանել է Գրուշկոն, երբ նրան խնդրել են մեկնաբանել Էստոնիայի նախկին ղեկավարի խոսքերը:
Իլվեսը հեռացել է նախագահի պաշտոնից 2016 թվականի հոկտեմբերին՝ երկու ժամկետ պաշտոնավարելուց հետո: Նա առաջին անգամ ընտրվել է պետության ղեկավար 2006 թվականին, իսկ 2011-ին վերընտրվել է այդ պաշտոնում:
Ապրիլի 18-ին Իլվեսն առաջարկել է ժամանակավորապես արգելել ռուսաստանցիների ցանկացած ճանապարհորդություն դեպի ԵՄ երկրներ, բացառությամբ այն դեպքերի, որոնք կապված են ընտանեկան արտառոց հանգամանքների հետ: Նա դա բացատրել է նրանով, որ «վտանգվում է Եվրոպայի անվտանգությունը»: Էստոնիայի արտգործնախարարը չի սատարել երկրի նախկին նախագահի գաղափարին: