Վաշինգտոնը նախազգուշացրել է բանտում Նավալնիի մահվան դեպքում Մոսկվայի համար «հետևանքների» մասին
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Ռուսաստանին նախազգուշացրել է բանտում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան դեպքում «հետևանքների» մասին, գրում է Axios-ը։
Հարցին, թե ինչո՞ւ երկրի նախագահ Ջո Բադենը Նավալնիին չի հիշատակել իր վերջին ելույթում կամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս ունեցած զրույցի ժամանակ, Սալիվանը նշել է, որ «ԱՄՆ վարչակազմում կարծում են՝ այդ հարցը պետք է լուծել դիվանագիտական խողովակներով, այլ ոչ թե պարզապես հրապարակային հայտարարություններով»։
«Մենք Ռուսաստանի կառավարությանը փոխանցել ենք, որ այն, ինչ տեղի է ունենում Նավալնիի հետ անազատության մեջ, իրենց պատասխանատվությունն է, և նրանք պատասխանատվություն են կրելու միջազգային հանրության առջև»,- ասել է Սալիվանը:
Կրեմլի քննադատ Նավալնին մարտի 31-ին հացադուլ է հայտարարել։ Նրան բուժող բժիշկների պնդմամբ՝ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել նրա առողջության հետագա վատթարացումը կանխելու համար։