Վաշինգտոնը հայտարարել է միջուկային զենքով Ճապոնիան պաշտպանելու պատրաստակամության մասին
Միացյալ Նահանգները վերահաստատել է Ճապոնիան միջուկային զենքով պաշտպանելու իրենց վճռականությունը`1960 թվականի Փոխադարձ համագործակցության և անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի շրջանակում: Այս մասին ասված է երկու երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքով Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Փաստաթուղթը Ճապոնիայի և Միացյալ Նահանգների դաշինքի օրենսդրական հիմքն է: Պայմանագիրը, մասնավորապես, նախատեսում է Վաշինգտոնի կողմից զանգվածային ոչնչացման զենքի օգտագործում:
Հայտարարությունում ընդգծվում է նաև, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Յոսիխիդե Սուգան կողմ են հանդես գալիս Թայվանի նեղուցում խաղաղությանն ու կայունությանը:
«Մենք ընդգծում ենք Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության կարևորությունը, նեղուցում հակամարտությունների խաղաղ կարգավորման կոչ ենք անում»,-ասվում է փաստաթղթում:
52 տարվա ընթացքում առաջին անգամ Թայվանը ուղղակիորեն հիշատակվել է երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ: Վերջին անգամ նման ձևակերպում օգտագործվել էր 1969 թվականին Ճապոնիայի վարչապետ Էյսակու Սատոյի և ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիկսոնի բանակցություններից հետո հրապարակված փաստաթղթում:
Երկու երկրների ղեկավարները լուրջ մտահոգություններ են հայտնել նաև Հոնկոնգում և Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: