Reuters-ը հայտնել է Քաշմիրի վիճելի տարածքի շուրջ Հնդկաստանի և Պակիստանի գաղտնի բանակցությունների մասին
Հնդկաստանի և Պակիստանի հետախուզությունների բարձրաստիճան սպաները հունվարին գաղտնի բանակցություններ են վարել Դուբայում՝ Քաշմիրի վիճելի տարածքի շուրջ առկա ռազմական լարվածությունը թուլացնելու նպատակով, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Հարևան երկու պետությունների միջև հարաբերությունները լարվել են 2019 թվականին՝ Քաշմիրում հնդկական շարասյան պայթյունից հետո։
Նույն տարվա ընթացքում Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին վերացրել է Հնդկաստանի կողմից կառավարվող Քաշմիրի ինքնավարությունը՝ Պակիստանում վրդովմունք առաջացնելով։ Այս քայլը պատճառ է դարձել դիվանագիտական կապերի նվազման և երկկողմ առևտրի դադարեցման։
Սակայն վերջերս երկու պետությունները վերսկսել են դիավանագիտական հարաբերությունները՝ ուղղված հարաբերություների կարգավորմանը։
Աղբյուրներն ասել են, որ Հնդկաստանի և Պակիստանի ռազմական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչները մեկնել են Դուբայ՝ հարցի կարգավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին երկու կողմն էլ մեկնաբանություն չի տվել, սակայն Պակիստանի պաշտպանական ոլորտի վերլուծաբան Այեշա Սիդդիքան ասել է, որ հավատում է, որ երկու պետության ներկայացուցիչները մի քանի ամիս հանդիպել են այլ երկրներում։
«Կարծում եմ, որ Թաիլանդում, Դուբայում և Լոնդոնում ամենաբարձր մակարդակի հանդիպումներ են կայացել», - ասել է վերլուծաբանը:
Հստակ է, որ նման բանակցությունները անհրաժեշտ են երկու կողմին էլ։ Հնդկաստանի համար հարաբերությունների կարգավորումը կարևոր է, քանի որ սահմանային հարց ունի նաև Չինաստանի հետ, իսկ Պակիստանն էլ, իր հերթին, գտնվում է Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագրի մեջ և չի ցանկանում, որ Քաշմիրի շրջանում լարվածությունը սրվի։ Այն նաև ստիպված է կայունացնել Աֆղանստանի հետ սահմանը՝ հաշվի առնելով այնտեղից ամերիկյան զորքերի դուրս բերումը։