Առաջին եվրոպական երկիրը հայտարարել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումն ամբողջությամբ դադարեցնելու մասին
Դանիան նախօրեին հայտարարել է Covid-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումն ամբողջությամբ դադարեցնելու մասին, գրում է France 24-ը՝ նշելով, որ Դանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որն այդ քայլին է դիմել՝ հազվադեպ, բայց լուրջ կողմնակի ազդեցությունների կասկածների պատճառով։
«Դանիայում պատվաստումների արշավը կշարունակվի առանց AstraZeneca պատվաստանյութի»,- լրագրողներին հայտարարել է Դանիայի առողջապահության վարչության տնօրեն Սորեն Բրոսթրոմը։
Նրա խոսքով՝ «առկա է պատվաստանյութից հետո թրոմբոզի առաջացման վտանգ, ինչը կարող է արձանագրվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո մինչև տասը օրվա ընթացքում»։
«Որոշումը կախված է համատեքստից։ Դանիայում ռիսկային գոտում գտնվող անձանց մեծ մասը պատվաստվել է, և համավարակը հսկողության տակ է»,- ասել է Բրոսթրոմը։
Դանիայի առողջապահության վարչությունը նաև ընդգծել է՝ «իրավիճակից կախված` կարող է կրկին կիրառել պատվաստանյութը»։