Fly Armenia Airways-ի օդանավը չի ապամոնտաժվել, աշխատանքներ են տարվում տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ․ ՔԱԿ
Իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկակսն խնդիրները լուծելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Քաղավիացիայի կոմիտեից:
«Հաշվի առնելով նաև, որ հարուցվել է քրեական գործ և տեղի է ունենում իրավական գործընթաց` մինչ դրանց ավարտը մանրամասներ չենք կարող հրապարակել: Հայտնում ենք նաև, որ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարին տեղեկություն տարածվեց, որ Fly Armenia Airways ավիաընկերությանը պատկանող «Բոինգ» օդանավը կսկածելի հանգամանքներում հայտնվել է Իրանում, անգամ խոսվում էր առեւանգման մասին:
Fly Armenia Airways ավիաընկերությունից պարզաբանել էին, որ վարձակալած B737-300 օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում, ինչից հետո՝ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի «Հոստոմել» օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը, սակայն փետրվարի 20-ին օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել Իրանում։