Պատգամավոր. Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայատյացության քաղաքականությունը
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայատյացության քաղաքականությունը: Այս մասին ապրիլի 13-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին, մեկնաբանելով հայ հասարակության մեջ վրդովմունքի ալիք առաջացրած պատերազմի ավարների պուրակի բացումը Բաքվում, հայտարարեց անկախ պատգամավոր Գոռ Գեւորգյանը:
Նա շեշտեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ հռետորաբանության, Ադրբեջանում պահվող հայ գերիներին չվերադարձնելու համատեքստում Հայաստանի քաղաքական ասպարեզում պարբերաբար տարատեսակ հայտարարություններ են հնչեցվում հարեւանների հետ երկխոսության վերաբերյալ: Հայաստանի քաղաքական ասպարեզում: «Ծանր պարտությունից հետո եւ ապրիլի 24-ի նախաշեմին Հայրենիքի այս կամ այն հատվածի պատկանելիության վերաբերյալ կասկածները տագնապալի եւ անընդունելի են: Խաղաղությունը չեն աղաչում: Խաղաղությունը միայն փոխադարձ է լինում: Դա պետք է ապացուցել եւ ներկայացնել», - շեշտեց «Իմ քայլը» իշխող դաշինքի խմբակցությունը լքած պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիայի մասին հայտարարության ստորագրումից հետո: