Ever Given նավը, որը փակել էր Սուեզի ջրանցքը, կմնա Եգիպտոսում, քանի դեռ ամբողջությամբ չի վճարվել փոխհատուցումը
Ever Given նավը, որը մեկ շաբաթ փակել էր Սուեզի ջրանցքը, կմնա Եգիպտոսում, քանի դեռ ամբողջությամբ չի վճարվել փոխհատուցումը, հայտարարել է Սուեզի ջրանցքի վարչության (SCA) տնօրեն Ուսամա Ռաբին։
«Մենք շուտափույթ համաձայնության հույս ունենք»,- ասել է Ռաբին տեղական լրատվամիջոցներին՝ հավելելով, որ «հենց համաձայնեն փոխհատուցել, նավին կթույլատրվի տեղաշարժվել»:
Պաշտոնյան նշել է, որ իր թիմը մտադիր չէ նավը բեռնաթափել, չնայած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին խնդրել է իրեն պատրաստվել նման սցենարի:
Անցյալ շաբաթ Ռաբին հայտարարել էր, որ փոխհատուցման գումարը, որը Եգիպտոսը կպահանջի միջադեպի կապակցությամբ, կարող է գերազանցել 1 միլիարդ դոլարը:
Նա նշել է, որ SCA-ին «հաջողվեց նավը գործարկել վեց օրվա ընթացքում՝ առանց մարդկային կորուստների կամ նավի սարքավորմանը վնասելու, բայց վարչությունն ամեն օր միլիոնավոր դոլարներ էր կորցնում»:
Սուեզի ջրանցքը աշխարհի ամենակարեւոր ջրային ուղիներից մեկն է, որով անցնում է համաշխարհային առեւտրի շուրջ 12 տոկոսը: