7 եւ 10–ամյա եղբայրները առեւանգել են «Սեւան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստի ավտոմեքենան
Ավտոմեքենայի առեւանգման դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ապրիլի 10-ին, Ժամը 13:30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Արարատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Գեղամ Թումբարյանը, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 11:00-ից մինչեւ 11:20-ն ընկած ժամանակահատածում Մանանդյան փողոցում գործող «Միկա» մարզահամալիրի մոտ կայանված, իր կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենան գողացել են: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ ոստիկանությունը բացահայտել է դեպքը եւ պարզել, որ ավտոմեքենան առեւանգել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ 10-ամյա Ալեքս Հ.-ն եւ նրա եղբայրը՝ 7-ամյա Լեւոն Հ.-ն:
Վերջիններս հայտնաբերվել են Սեբաստիա-Հովնաթան փողոցների խաչմերուկում եւ ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ հրավիրվել են նրանց ծնողները եւ եղբայրները հանձնվել են նրանց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ , Գ. Թումբարյանը «Սեւան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է: