Տեղեկություն եմ ստացել, որ պատերազմի ընթացքում Սերբիան Ադրբեջանին զենք է մատակարարել, դուք նման տեղեկատվություն ունե՞ք. Միքայել Մելքումյանը՝ էկոնոմիկայի փոխնախարարին
Ես վերջերս գտնվում էի եվրոպական երկրներից մեկում, և բարձրաստիճան դիվանագիտական ներկայացուցիչների կողմից տեղեկատվություն ստացա, որ պատերազմի օրերին՝ հոկտեմբերի կեսերին, Սերբիան Ադրբեջանին մատակարարել է վառոդ և նմանատիպ այլ բաներ։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին։
«Դուք տեղեկատվություն ունե՞ք, որ Սերբիան Ադրբեջանին պատերազմի ընթացքում զենք է մատակարարել, արդյո՞ք դիվանագիտական խողովակներով կամ այլ փակ ռեժիմով այդպիսի տեղեկատվություն ունենք, որովհետև դա լուրջ բան է։ Էլի վավերացնենք, բայց պետք է հասկանանք՝ վարվերացումը մեզ ինչ է տալիս»,-ասաց պատգամավորը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն արձագանքեց՝ չի կարող պատասխանել, քանի որ հարցն իր տիրույթից դուրս է գտնվում։
Նշենք, որ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին։
Մանրամասները՝ տեսանյութում։