Facebook-ն ավելի քան 23 միլիոն դոլար է ծախսել Ցուկերբերգի անվտանգության վրա
Facebook-ը 2020թ.-ին ավելի քան 23 միլիոն դոլար է ծախսել ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի անվտանգության վրա, հաղորդում է Fox News-ը՝ համապատասխան փաստաթղթերին հղումով:
Մասնավորապես, ավելի քան 13.4 միլիոն դոլար է ծախսվել «Ցուկերբերգի անձնական անվտանգության համար նրա նստավայրերում և ճանապարհորդությունների ժամանակ», հարկերը վճարելուց առաջ ևս 10 միլիոն դոլար է տրամադրվել ընկերության հիմնադրին՝ լրացուցիչ սարքավորումների և անձնակազմի համար` նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար:
Facebook-ի գործադիր տնօրենի անվտանգության ծախսերն աճել են 2019թ.-ի համեմատ, երբ այդ նպատակով հատկացվել էր շուրջ 20.4 միլիոն դոլար:
«2020 թ.-ին ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է Ցուկերբերգի կանոնավոր գործուղումներով, COVID-19-ի համավարակի ընթացքում անվտանգության արձանագրությունների հետ կապված ծախսերով, ԱՄՆ-ում 2020թ.-ի ընտրությունների ժամանակ և բարձր ռիսկայնությամբ այլ ժամանակահատվածներում պաշտպանվածության ուժեղացմամբ», նշված է ընկերության փաստաթղթերում:
Բացի այդ, Facebook-ը ծախսերի աճը կապում է անվտանգության ծառայության անձնակազմի վրա շուկայական ծախսերի ավելացմամբ: Միևնույն ժամանակ ընկերությունը շեշտել է, որ անվտանգության ծառայությունը Ցուկերբերգի հետ կապված «կոնկրետ սպառնալիքներ» է արձանագրել: