Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է հանցագործներին, որոնք կողոպտում էին իրենց զոհերին կապիկների օգնությամբ
Նյու Դելիում ձերբակալվել է երկու տղամարդ, որոնք շրջել են Հնդկաստանի մայրաքաղաքում՝ օգտագործելով կապիկներին ոչինչ չկասկածող զոհերին կողոպտելու համար, հաղորդում է AlArabiya News-ը՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը:
Հանցագործները բերման են ենթարկվել, երբ նրանց զոհերից մեկը բողոքել է սպաներին, որ երեք տղամարդ կապիկներով շրջափակել եւ կողոպտել են նրան 6000 ռուպիի չափով (80 դոլար), AFP-ին հայտնել է տեղի ոստիկաններից մեկը:
Հնդկաստանում իշխանությունները պայքարում են սպառնալիքի դեմ, որը ներկայացնում են կապիկները Դելիում եւ մյուս խիտ բնակեցված քաղաքներում, որտեղ կենդանիները հաճախ տուն են մտնում ուտելիք հայթայթելու նպատակով:
Սակայն կապիկներին բռնելն արգելված է օրենքով, որն ընդունվել է երկրում 1972 թվականին:
Ոստիկանությունը կասկածում է, որ հանցախումբը մեղավոր է նաեւ մյուս նմանօրինակ կողոպուտների գործում, եւ ոստիկանները ստեղծել են հատուկ խումբ հանցագործներին հետեւելու համար, որոնք ձերբակալվել են հինգշաբթի ավտոբուսի կանգառում իրենց օգնական կենդանիների հետ միասին:
Հնդկաստանում կապիկներին հաճախ վարժեցնում են՝ որպես փողոցի արտիստներ, եւ հազվադեպ չեն դեպքերը, երբ դրանք հարձակվում են բնակիչների վրա:
Անցած տարի Հնդկաստանի հյուսիսում կապիկների խումբը հարձակվել էր բուժաշխատողի վրա եւ գողացել պացիենտների արյան նմուշները, որոնց մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսի թեստի դրական արդյունք: