Clubhouse-ի 1․3 միլիոն օգտատերերի անձնական տվյալները հայտնվել են համացանցում
Clubhouse սոցցանցի 1․3 միլիոն օգտատերերի անձնական տվյալները հայտնվել են համացանցում, հաղորդում է Cybernews-ը։
Կայքի տվյալներով՝ Clubhouse-ի օգտատերերի տվյալները հրապարակվել են հայտնի հաքերային ֆորումում:
Օգտատերերի տվյալները ներառում են նրանց անունները, Twitter-ի և Instagram-ի էջերի անունները, հետևորդների թիվը, օգտահաշիվների ստեղծման ամսաթվերը։
Ինչպես նշում է կայքը, հասանելիություն ստացած տեղեկությունները չեն ներառում խիստ անձնական տվյալներ, օրինակ՝ վարկային քարտերի տվյալները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հաքերները վաճառքի են հանել LinkedIn սոցցանցի 500 միլիոն օգտատերերի տվյալները, այդ թվում՝ օգտատերերի անունները, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները և այլ սոցցանցերի էջերում հղումները:
Այդ տվյալներն աճուրդի էին հանվել «քառանիշ գումարով», հավանաբար՝ բիթքոիններով: