Ջոնսոնը ներկա չի գտնվի արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը, որպեսզի կորոնավիրուսային սահմանափակումների պայմաններում թագավորական ընտանիքի մեծ թվով անդամներ կարողանան մասնակցել արարողությանը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ներկա չի գտնվի արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը, որպեսզի թագավորական ընտանիքի մեծ թվով անդամներ կարողանան մասնակցել արարողությանը, հաղորդում է ТАСС-ը:
«Վարչապետը հետևողականորեն ձգտում էր անել այնպես, որպեսզի լավ լինի թագավորական ընտանիքի համար: Որպեսզի ընտանիքի՝ հնարավորինս շատ թվով անդամներ կարողանան մասնակցել հուղարկավորության արարողությանը, վարչապետը որոշել է ներկա չգտնվել»,- հայտնել են Ջոնսոնի աշխատակազմից:
Հուղարկավորությունը կանցկացվի ապրիլի 17-ին: Կորոնավիրուսային սահմանափակումներով՝ Մեծ Բրիտանիայում հուղարկավորության արարողություններին պետք է մասնակցի առավելագույնը 30 մարդ, և թագավորական ընտանիքն այս դեպքում բացառություն չէ:
Թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, կյանքից հեռացել է ապրիլի 9-ին, 99 տարեկանում: