«Պատվաստումների մակարդակն ընդգծում է համաշխարհային անհավասարությունը». Bloomberg-ը համեմատել է պատվաստումների տեմպերը հարուստ և աղքատ երկրներում
Կորոնավիրուսի դեմ պատվաստվածների ընդհանուր թիվն աշխարհում կազմում է բնակչության մոտ 5 տոկոսը:
Այս մասին գրում է Bloomberg լրատվական գործակալությունը՝ նշելով, որ պատվաստվածների մեծ մասը հարուստ երկրներից են, քանի որ հենց նրանք ունեն հակակորոնավիրուսային դեղամիջոցների ամենամեծ պաշարները:
Գործակալության տվյալներով՝ պատվաստումների ընդհանուր թվի 40 տոկոսը կատարվել է 27 հարուստ երկրում, որոնք, իրենց հերթին, կազմում են աշխարհի բնակչության միայն 11 տոկոսը: Մինչդեռ ամենաաղքատ երկրներում աշխարհի բնակչության նույն տոկոսը ստացել է պատվաստանյութերի մոտ 1,6 տոկոսը: Հետևաբար, այս երկրների բնակչությունը պատվաստվում է 25 անգամ ավելի դանդաղ:
Օրինակ, Միացյալ Նահանգներին բաժին է ընկնում պատվաստումների ընդհանուր թվի 24 տոկոսը, իսկ աշխարհի բնակչության 4,3 տոկոսն է միայն ապրում ԱՄՆ-ում: Մինչդեռ Պակիստանում ապրում է մարդկության 2,7 տոկոսը, բայց այնտեղ պատվաստումների բաժինը կազմում էր ընդամենը 0,1 տոկոս: ԶԼՄ-ները նշում են, որ հարուստ երկրներում, ի թիվս այլ արտոնությունների, շարունակվում է պատվաստանյութերը հստակ քանակով ձեռք բերելու միտումը, ինչը թույլ է տալիս բոլոր քաղաքացիներին մի քանի անգամ պատվաստվել:
Միևնույն ժամանակ, Աֆրիկան, լինելով աշխարհի ամենաաղքատ մայրցամաքը, շարունակում է մնալ այն վայրը, որի բնակիչներն ամենաքիչ թիվն են կազմում COVID-19-ի դեմ պատվաստվածների շարքում: Այս մայրցամաքի 54 երկրից միայն երեքն է պատվաստել բնակչության մոտ 1 տոկոսին, իսկ 20 երկիր նույնիսկ չի սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավները: