Ֆրանսիայում բուժեղբոր հանդերձանքով ավազակները COVID-19-ով հիվանդից 300 000 եվրո արժողությամբ զարդեր են գողացել, իսկ բնակարանը լքելիս ամեն բան ախտահանել են հակասեպտիկով
Ֆրանսիայում բուժեղբոր հանդերձանքով ավազակները կողոպտել են փարիզյան արվարձանի բնակիչներից մեկին, որն ինքնամեկուսացման մեջ է գտնվել՝ COVID-19-ով վարակվելուց հետո, գրում է Le Parisien ֆրանսիական հրատարակությունը:
Նշվում է՝ կողոպտիչները հարձակվել են 53-ամյա տղամարդու վրա, երբ նա բացել է դուռը՝ կարծելով, որ իրեն այցելել են հիվանդանոցի աշխատակիցները: Հետո նրանք կապկպել են տան տիրոջը և պահանջել են ասել, թե որտեղ են գտնվում չհրկիզվող պահարանները: Տղամարդը լսել է նրանց և ասել դրանց գտնվելու վայրը: Հետաքրքիրը, սակայն, այն է, որ անկոչ հյուրերը բնակարանը լքելիս ամբողջ կահույքը հակասեպտիկով ախտահանել են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պահարաններից գողացված զարդերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 300 հազար եվրո: Քննչական ծառայություններն աշխատում են հանցագործների ինքնությունը պարզելու ուղղությամբ: