«Ի նշան համերաշխության` անհրաժեշտ է անհապաղ Վրաստանի դեսպանին վերադարձնել Կիև». Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանին կոչ է արել անհապաղ վերադարձնել դեսպանին Կիև՝ կապված ռուսական զորքերի՝ ուկրաինական սահմանի մոտ լայնամասշտաբ տեղակայման հետ:
Այս մասին ասվում է պետության ղեկավարի ելույթի տեքստում, որը հրապարակվել է Վրաստանի նախագահի կայքում:
«Ես չեմ ցանկանում ավարտել այս ելույթը՝ չվկայակոչելով մեր ուկրաինացի ընկերների այժմյան պայքարը՝ նրանց համերաշխություն հայտնելով: Կարծում եմ, որ այսօր, ի նշան համերաշխության, անհրաժեշտ է անհապաղ դեսպանին վերադարձնել Կիև»,- հայտարարել է նախագահը:
Նշենք, որ ավելի վաղ Դոնբասում տիրող իրավիճակի հետ կապված հայտարարություն էր տարածել նաև Վրաստանի արտաքին հարաբերությունների խորհրդարանի կոմիտեն: Դիվանագետները վճռական աջակցություն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանը ողջունում է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) և Ուկրաինայի միջև հարաբերությունների խորացումը և սատարում է Սևծովյան տարածաշրջանում Դաշինքի մասնակցությանը՝ որպես կայունության բարձրացման գործոն:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Վրաստանը հետ էր կանչել Ուկրաինայում իր դեսպանին՝ երկրում Միխեյիլ Սաակաշվիլիի՝ բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար նշանակվելու պատճառով: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները սխալ որոշում են կայացրել:
Իր հերթին, Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան ասել էր, որ դեսպանին հետ են կանչել՝ երկրների միջև հարաբերություններն արկածախնդիր քաղաքական գործիչներից պաշտպանելու համար: