ԳՇ պետը ասում է, որ գերիների և անհայտ կորածների հարցը իր իրավասությունների տակ չէ, որևէ լուծում չի կարող գտնել. ՊՆ-ում հանդիպմանը մասնակցած քաղաքացիները դժգոհ են հանդիպումից
21:30
Պաշտպանության նախարարություն ներս մտած ծնողները լրագրողների հետ զրույցում նշեցին՝ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին, իսկ ՊՆ նախարարը անգամ ներկա չի եղել հանդիպմանը:
«Գլխավոր շտաբի պետը ասում է, որ տվյալ գործը իր իրավասությունների տակ չէ, որևէ հարցի լուծում չի կարող գտնել, ընդամենը այդքանը: Ակնկալիքներ չկան, տպավորությունը նույնն է, ինչ լրագրողներին դիմեմ այս հարցով, ինչ ԳՇ պետին: Ասում են՝ աշխատում ենք, աշխատում ենք, բայց չենք հասկանում՝ ինչի վրա»,- ասաց ՊՆ շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացին:
Քաղաքացին նշեց՝ վիճակը անհասկանալի է, իսկ գերիների և անհայտ կորածների հարցը օդում կախված է:
Հիշեցնենք՝ անհայտ կորածների ու գերիների հարազատները շերեկվանից շրջափակած էին պահում ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը և պահանջում հանդիպում Արտակ Դավթյանի հետ, որն էլ կայացել էր, բայց նրանք դժգոհ են մնացել հանդիպումից:
Տարածքում են մեծաթիվ ոստիկաններ։ Պարբերաբար ՊՆ շենք են ժամանել ուղղաթիռներ։ Նաև տեսանյութ էր տարածվել, որ ուղղաթիռով էվակուացնում են ՊՆ տարածքում գտնվող աշխատակիցներին։
Վերջին տվյալներով՝ ՊՆ-ից հայտնել են, որ համաձայն են հանդիպել քաղաքացիների հետ, սակայն այն պայմանով, որ բացվեն ՊՆ շենքի բոլոր մուտքերը, և ներս կարող են մտնել միայն 50 հոգի, սակայն ծնողները չեն համաձայնել այդ պայմանին։
Ավելի ուշ ՀՀ ոստիկանապետը ծնողներին փոխանցեց՝ Պաշտպանության նախարարությունը պատրաստ է ընդունել 10 ծնողի: Նրա առաջարկը չստացավ ծնողների համաձայնությունը:
ՊՆ-ն պաշտոնյաներին ուղղաթիռով են դուրս բերել ՊՆ շենքից (տեսանյութ)
Ձեր պաշտոնյաները մոլորեցնում են բնակչությանը․ Ռուստամ Մուրադովը՝ գերիների մասին․ hraparak.am