Ավստրալիայի հայ համայնքը կոչ է արել երկրի վարչապետին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ավստրալիայի «Հայ դատի» հանձնախումբը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ հայ համայնքի անունից բաց նամակով դիմել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին՝ կոչ անելով որպես ցեղասպանություն ճանաչել Օսմանյան կայսրության տարածքում 1.5 մլն հայերի, 1 մլն ասորիների և հույների համակարգված հալածանքները:
Ինչպես փոխանցում է Horizon Weekly-ն, 50 000 անդամ ունեցող հայկական համայնքի անունից գրված նամակով վարչապետն կոչ է արվում պաշտպանել սեփական համոզմունքները, որոնց մասին խոսել էր 2011 թվականին խորհրդարանում ելույթ ունենալիս՝ ասելով. «Որպես այս խորհրդարանի անդամ՝ միանում եմ ողջ աշխարհի այլ խորհրդարաններին՝ արձանագրելով, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործություններից է»:
Ավստրալիայի հայ համայնքը հույս է հայտնել, որ այս տարի վարչապետ Մորիսոնը կվերահաստատի իր համոզմունքներն ու կմիանա մյուս երկրներին, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան և Կանադան և կճանաչի Հայոց ցեղասպանությունը: