Ավտոմեքենաների վաճառքի ծավալը Չինաստանում 2021-ի առաջին եռամսյակում աճել է 72.8 տոկոսով
2021 թվականի հունվար-մարտ ամիսներին Չինաստանում ավտոմեքենաների ընդհանուր վաճառքը գերազանցել է 6.34 միլիոն միավորը, ինչը 72.8 տոկոսով ավել է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմառ: Այդպիսի տվյալները պարունակվում հինգշաբթի ավտոմոբիլային արտադրողների չնական ասոցիացիայի կողմից հրապարակված զեկույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշված ժամանակահատվածում առեւտրային տրանսպորտային միջոցների վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 71.2 տոկոսով, իսկ մարդատար ավտոմեքենաներինը՝ 74.1 տոկոսով: Փաստաթղթում նշված է, որ այս տարվա մարտ ամսվա ընթացքում շուկայում վաճառվել է Չինաստանում հավաքված 2.38 միլիոն ավտոմեքենա, ինչը 64 տոկոսով ավել է փետրվարի համեմատ: Այս ցուցանիշի աճը տարեկան կտրվածքով 66.8 տոկոս է կազմել:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Չինաստանում 2020 թվականին վաճառվել է 25.31 միլիոն ավտոմեքենա, ինչը, 2019-ի համեմատ պակաս է 1.9 տոկոսով: Անցյալ տարի տեղական շուկայում հավաքվել էր 25.23 միլիոն ավտոմեքենա: Այս ցուցանիշի անկումը գրանցվել է 2 տոկոսի սահմաններում:
Ասոցիացիայի կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին վաճառքները պետք է աճեն 4 տոկոսով եւ գերազանցեն 26 միլիոն ավտոմեքենան: