ԱՄՆ նախկին փոխնախագահը 3-4 մլն դոլար կստանա իր հուշագրությունների համար. The Guardian
ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսն իր հուշագրությունների հիման վրա գիրք կգրի․ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ամենաազդեցիկ դեմքերից մեկը Simon & Schuster հրատարակչական ընկերության հետ «միլիոնավոր դոլարների» գործարք է կնքել, գրում է The Guardian-ը։
Փենսի ինքնակենսագրական գիրքը, որը դեռևս անվանում չունի, նախնական տվյալներով՝ կթողարկվի 2023 թվականին։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ նախկին փոխնախագահի գործարքը կազմել է 3-ից մինչև 4 միլիոն դոլար:
«Ես շնորհակալ եմ ամերիկացի ժողովրդին ծառայելու տարիների մասին պատմելու հնարավորության համար՝ սկսած Կոնգրեսում աշխատանքից, վերջացրած Ինդիանայի նահանգապետի վարչակազմում և Միացյալ Նահանգների փոխնախագահի պաշտոնում աշխատանքով։ Ես անհամբեր սպասում եմ Simon & Schuster-ի բացառիկ թիմի հետ համատեղ աշխատանքին»,-իր հայտարարության մեջ ասել է Փենսը:
«Փոխնախագահ Փենսի կյանքն ու աշխատանքը, նրա դեմ ծառացած մարտահրավերները և տարած հաղթանակները, դասերը, որոնք նա քաղել է, պատմում են ամերիկյան արտակարգ պետական ծառայության մասին»,- ասել է Simon & Schuster-ի փոխնախագահ Դանա Կանեդին ՝ չմանրամասնելով, թե արդյոք գրքում խոսվելու է հունվարի 6-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին, երբ Թրամփի աջակիցները ներխուժել էին Կոնգրեսի շենք։