Պետք է գրավիչ դարձնենք Զինված ուժերը, որպեսզի ծնողները երեխաներին չտանեն երկրից. Անդրանիկ Քոչարյան
Նախորդ օրենքի նախագիծը խնդիրը չէր լուծում, և մենք հրաժարվեցինք այդ մոտեցումից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Կառավարության որոշմանը, որով հնարավորություն է տրվում բանակից խուսափած և 27 տարին լրացած երիտասարդներին կատարել համապատասխան վճարումներ և ազատվել քրեական պատասխանատվությունից:
«Մենք հրաժարվեցինք նախորդ մոտեցումներից և փորձ արեցինք կանխել այդ գործընթացը և օրինագիծը շրջանառության մեջ էր, բայց բուն գործընթացը հետաձգեցի, քանի որ ռազմական գործողությունների փուլ էինք մտել և իրավակարգավորումը այդ պահին որևէ խնդիր չէր լուծելու, այլ ընդհակառակը՝ խորացնելու էր այդ չհասկացված մոտեցումները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Նա նաև նշեց, որ պետությունը պետք է ամեն ոլորտ գրավիչ դարձնի, որպեսզի կարողանա իր երիտասարդներին պահել երկրի ներսում:
«Մենք այս համաներումով խնդիրը լուծում ենք, տալիս ենք մեկ տարի ժամանակ, որ երիտասարդները գան և պետության հետ իրենց խնդիրները լուծեն, դրանից հետո արդեն լուրջ խստացումներ կլինեն, և ծնողները պետք է հասկանան՝ երկրից դուրս գալով ծնողները միջազգային հետախուզման մեջ կհայտնվեն, որովհետև ավելի ծանր հոդվածներ են լինելու: Պետք է գրավիչ դարձնենք զինված ուժերը, այլ կառույցներ ևս, որպեսզի ծնողները երեխաներին չտանեն երկրից»,-նշեց նա:
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ երիտասարդների հայրենիք վերադառնալն արդեն իսկ դառնում է երկրի համար ռեսուրս: «Ես չեմ արգելելու, որ երկրից դուրս գան, բայց ես իրենց առաջարկ եմ անելու, նախ իրենց գալն արդեն իսկ դառնում է ռեսուրս, և երբ նրանք քրեական հետապնդումից ազատվում են, մենք՝ որպես պետություն, երբ իրենց մոբիլիզացնում ենք, արդեն չեն կարող գնալ, որովհետև քրեական հետապնդման են ենթարկվելու»,– ասաց նա։