Բելառուսը 24 ժամով անջատել է էլեկտրահաղորդման գիծը Լիտվայի հետ
Բելառուսն անջատել է Լիտվայի հետ անդրսահմանային էլեկտրահաղորդման գծերը: Երկիրը ստուգումներ է անցկացնում՝ պարզելու Բելառուսի էներգահամակարգի հուսալիությունը:
Այս մասին գրում է «Բելտա»-ն՝ հղում կատարելով Բելառուսի էներգետիկայի նախարարությանը:
Նշվում է, որ համապատասխան փորձարկումներն իրականացվում են բելառուսական էներգահամակարգի հուսալիությունը ստուգելու համար`հաշվի առնելով Բալթյան երկրների էներգահամակարգերի ծրագրային ելքը BRELL էներգետիկ օղակից, որը միավորում է Բելառուսը, Ռուսաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան:
«Բելառուսում էլեկտրաէներգիայի համակարգի փորձարկումն սկսվել է Լիտվայի հետ միջսահմանային էլեկտրահաղորդման գծերի անջատմամբ», - ասվում է հայտարարության մեջ:
Ստուգման ծրագիրը, որը նախատեսված է 24 ժամվա համար, նախատեսում է բարձր լարման գծերի անջատում, էլեկտրահամակարգի շահագործման ռեժիմի մշտադիտարկում և բարձրավոլտ գծերի միացում՝ անվտանգության անհրաժեշտ պահանջներին համապատասխան:
Ինչպես տեղեկացրել էր Tert.am-ը, ավելի վաղ Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Լեհաստանը հայտարարել էին, որ պատրաստվում են դուրս գալ Ռուսաստանի էլեկտրական ցանցերից և համաժամականեցվել (սինքրոնացվել) եվրոպական համակարգերի հետ մինչ 2025 թվականը: