Նոր Զելանդիան դադարեցրել է մուտքը երկիր Հնդկաստանից բոլոր ճանապարհորդների համար՝ առանց բացառության
Նոր Զելանդիան հինգշաբթի շուրջ երկու շաբաթով ժամանակավորապես դադարեցրել է մուտքը երկիր Հնդկաստանից բոլոր ճանապարհորդների համար, ներառյալ սեփական քաղաքացիները, կորոնավիրուսի դրական դեպքերի մեծ թվի պատճառով, որ հայտնաբերվել են այդ հարավասիական երկրից ժամանողների մոտ, հայտնում է Reuters-ը:
Հինգշաբթի Նոր Զելանդիան իր սահմանին գրանցել է կորոնավիրուսով վարակման 23 նոր դեպք, որից 17-ը Հնդկաստանից էր:
«Մենք ժամանակավորապես դադարեցրել ենք մուտքը երկիր Հնդկաստանից ճանապարհորդների համար»,- հայտարարել է երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը Օքլենդում կայացած մամուլի ասուլիսում:
Հնդկաստանում գրանցվել է COVID-19-ով վարակման 12,8 մլն դեպք: Երկիրը հիմա պայքարում է ինֆեկցիայի երկրորդ ալիքի դեմ, եւ այս շաբաթ նոր դեպքերի թիվը ամեն օր անցնում է առաջին ալիքի պիկը, որ դիտվել էր անցյալ տարվա սեպտեմբերին:
Մուտքի դադարեցումը կսկսվի ապրիլի 11-ին տեղական ժամանակով 16:00-ից եւ կտեւի մինչեւ ապրիլի 28-ը: Այս ընթացքում կառավարությունը կքննարկի ուղեւորությունները վերականգնելու համար ռիսկերը կառավարելու միջոցառումները:
Արգելքը տարածվում է բոլորի վրա, ովքեր վերջին 14 օրում գտնվել են Հնդկաստանում: Նոր Զելանդիան առաջին անգամ է մուտքի ցանկացած արգելք երկարաձգում իր քաղաքացիների եւ ռեզիդենտների համար:
Նոր Զելանդիան գործնականում իր երկրի սահմաններում վիրուսը վերացրել էր եւ շուրջ 40 օր չէր հայտնել տեղական մակարդակով վիրուսի փոխանցման մասին: