Qatar Airways-ն իրականացրել է աշխարհում առաջին չվերթը, որի բոլոր ուղևորները պատվաստված են եղել կորոնավիրուսի դեմ
Qatar Airways ավիաընկերությունն ապրիլի վեցին իրականացրել է աշխարհում առաջին չվերթը, որի բոլոր ուղևորները, ինչպես նաև օդաչուներն ու անձնակազմը պատվաստված են եղել կորոնավիրուսի դեմ:
Ինչպես նշում է Forbes-ը, Airbus A350-1000 օդանավը, որում եղել է 188 ուղևոր, Դոհայից մեկնել է առավոտյան:
Ընկերության գործադիր տնօրեն Աքբար ալ Բաքերն ակնկալում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման անձնագրերը պարտադիր կդառնան միջազգային ճանապարհորդությունների համար:
Ինչպես փոխանցում է SimpleFlying.com կայքը, ավիաընկերության ղեկավարի խոսքով` պատվաստման անձնագրերն առանցքային դերակատարություն կունենան ճանապարհորդությունների նկատմամբ վստահության վերականգնման համար: Ըստ մասնագետի` դրանք կարող են պարտադիր լինել սկզբնական շրջանում, հետագայում դրանց կիրառումը կարող է նվազեցվել, երբ աշխարհում կհաջողվի վերահսկողության տակ առնել համավարակը:
Ավիաընկերության ղեկավարն իր տեսակետը բացատրել է` ելույթ ունենալով աշխարհում առաջին լիովին պատվաստված ուղևորներով չվերթի ժամանակ:
Պատվաստման աձննագրերը հնարավորություն կտան ուղևորներին ապացուցել, որ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այդ անձնագրերը, որոնք կարող են նաև էլեկտրոնային լինել, տեղեկություն կպարունակեն նաև այն մասին, թե ինչ պատվաստանյութ և ինչ չափաբաժնով են ստացել մարդիկ և արդյոք բավականաչափ ժամանակ է անցել, որեպսզի նրանց մոտ իմունային պաշտպանություն ձևավորված լինի, թե ոչ: