«Մենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 1 միլիոն չափաբաժնի կարիք ունենք». Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը
Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ապագայում ավելի մեծ քանակով պատվաստանյութ կներկրվի Ռուսաստանից:
«Մենք սերտորեն համագործակցում ենք համավարակի դեմ պայքարի շրջանակում: Վաղը ստանալու ենք ռուսական պատվաստանյութի առաջին, այսպես կոչված` խորհրդանշական խմբաքանակը: Սակայն մենք հույս ունենք ավելի մեծ խմբաքանակ ստանալ, քանի որ այն ապացուցել է արդյունավետությունը», - ասել է Փաշինյանը:
Վերջինիս խոսքով` ապրիլի 8-ին Հայաստան կժամանի «Սպուտնի V» պատվաստանյութի 15 000 չափաբաժին:
«Բայց մենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 1 միլիոն չափաբաժնի կարիք ունենք»,-ընդգծել է Փաշինյանը:
Բացի այդ, Փաշինյանն անդրադարձել է տնտեսական համագործակցության հարցերին` առանձնացնելով ՀՀ-ում նոր ատոմակայան կառուցելու հավանականությանը:
«Տնտեսական համագործակցության հարցերը ևս կարևոր են մեզ համար: Կցանկանայի ձեզ հետ քննարկել Հայաստանում նոր ատոմային էլեկտրոկայան կառուցելու հնարավորությունը»,- ասել է Փաշինյանը: