Միայն 2020 թ․ 4-5 %-ով ավելացել է աղքատությունը․ այսպես շարունակվելու դեպքում 2021-ին ՀՀ-ում ամեն 2-րդ մարդն աղքատ է լինելու․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)
Իշխանությունները հաղթելու վերաբերյալ կեղծ խոստումներով իրականում դաժան կերպով և գրեթե տոտալ տապալում են երկիրը, տնտեսությունը, սոցիալական ոլորտն ու հանրային կյանքի մյուս ոլորտները և պարտություններ են գրանցում այդ բոլոր դաշտերում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
«Կարևոր խոստում էր, որ նպաստից պետք է գնայինք աշխատանք, նպաստառուների թիվը կրճատվեր, զբաղվածություն ունեցողների թիվն ավելանար, սակայն 2020-ի ամփոփ տվյալներով զբաղվածների թիվը մեր երկրում 30 հազարով նվազել է։ Մոտ 10 հազար մարդ կորցրել է հույսը և այլևս աշխատանք չի փնտրում, աղքատությունը բարձրացել է 2019-ին՝ 3 տոկոսային կետով, քան 2018-ին էր, 2020-ին՝ ևս 4-5 տոկոսային կետով։ Այսպես շարունակվելու դեպքում 2021-ին ամեն երկրորդ մարդը ՀՀ-ում լինելու է աղքատ»,-ասաց նա։
Նա ընդգծեց՝ գներն աճում են աննախադեպ չափերով, և էապես բարձր տեմպով աճում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները, ինչը բերում է իրական եկամուտների նվազմանը, աշխատող աղքատների թվի ավելացմանը, ծայրահեղ աղքատության ավելացմանը։
«Գործող իշխանությունները խոստանում էին մեր երկրում վերացնել ծայրահեղ աղքատությունը, բայց ծայրահեղ աղքատների թիվն էապես ավելացել է, և դրա հիմնական պատճառներից մեկը հենց գնաճն է, երկրորդ հիմնական պատճառն էլ այն է, որ անվանական եկամուտները համապատասխանաբար չեն աճում։ Գներն աճում են, և պետությունը, փոխանակ դրա դեմն առնի և համարժեք արժութային քաղաքականություն իրականացնի, չի հաջողում, և ամբողջ պատասխանատվությունը դնում է ԿԲ-ի վրա, այդ դեպքում չենք կարող ունենալ գների այնպիսի մակարդակ, որը համահունչ կլինի եկամուտների աճին»,-ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ իր բացասական ազդեցությունն է ունենում նաև այն հանգամանքը, որ ազգային արժույթը շարունակում է արժեզրկվել․ «Դրա գործոնները կան, հետևաբար արժեզրկումը շարունակվելու է, նորից նվազում է տնտեսական ակտիվությունը, արտահանումը դեռևս կրճատվում է 4-5 տոկոսով»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։