Pfizer-ի գլխավոր տնօրենը պատմել է նախագահական ընտրություններից առաջ Թրամփի` իրեն ուղղված «խնդրանքի» մասին (տեսանյութ)
Pfizer դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բուրլան խոստովանել է՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարվա ընտրություններից առաջ հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է իրեն «օգնել ընտրություններում»։
The Carlos Watson Show-ի ժամանակ Բուրլան նշել է՝ Թրամփն իր հետ զրույցի ժամանակ քանիցս կոչ է արել «արագացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքները», սակայն ընդգծել է՝ «նախկին նախագահը երբևէ ճնշում չի գործադրել իր վրա»։
«Մի քանի անգամ նա ինձ հայտնել է, որ պետք է արագացնենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքները։ Սկզբում միշտ ասում էր․ «Պետք է արագացնենք․ մարդիկ են մահանում», իսկ հետո հավելում էր․ «Դա, իհարկե, ինձ նաև կօգնի ընտրություններում, բայց ամենակարևորը մարդիկ են»»,- ասել է նա։
Pfizer-ի ղեկավարը, որի ընկերության ստեղծած COVID-19-ի դեմ պատվաստանյութն ԱՄՆ-ում առաջինն է հաստատվել, խոստովանել է՝ ինքը նույնպես կցանկանար որքան հնարավոր է շուտ թողարկել պատվաստանյութը, սակայն, իր խոսքով, Թրամփին հասկացրել է, որ այդպիսի հարցերը «վճռվում են գիտության տիրույթում»։