Թբիլիսիի քաղաքապետը կարող է հեռանալ քաղաքականությունից և վերադառնալ Միլան
Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն մտադիր է հեռանալ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունից, ինչպես քաղաքականությունից: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ հղում անելով «Ֆորմուլա» հեռուստաալիքին:
Ըստ հեռուստաընկերության աղբյուրների՝ չի բացառվում, որ Կալաձեն նախատեսում է Վրաստանից տեղափոխվել Միլան, որտեղ նա ապրել է իր ֆուտբոլային հաջողակ կարիերայի ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Թբիլիսիի քաղաքագլուխը հոսպիատալացվել էր առողջական խնդիրների պատճառով և բուժում ստանալուն պես դուրս գրվել թբիլիսյան հիվանդանոցից: 43-ամյա գործչի մոտ վեստիբուլյար ապարատի ֆունկցիայի խախտում էին ախտորոշել:
Նշվում է, որ Կալաձեի՝ քաղաքականությունից հեռանալու մասին լուրեր էին պտտվում դեռևս նախքան նրա հոսպիտալացումը: Նման կասկածներ ի հայտ եկան նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականից հետո: Տեղի ընդդիմադիր ԶԼՄ-ները կարծիք էին հայտնում, որ Կալաձեն չի աջակցի խաթարված հեղինակությամբ կուսակցությանը և դժվար թե կրկին առաջադրվի քաղաքապետի պաշտոնում 2021-ի աշնանը կայանալիք ընտրությունների ժամանակ:
Կալաձեն Վրաստանի մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնն ստանձնել է 2017 թվականին: Մինչ այդ նա զբաղեցրել է էներգետիկայի նախարարի պաշտոնը: Նախկինում Կալաձեն ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել իտալական «Միլանի» կազմում: