Ուկրաինային ոգեշնչել է ԼՂ պատերազմում Ադրբեջանի փորձը. ԴԺՀ ղեկավարը նշել է Դոնբասում լարվածության աճի նախադրյալները
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Ուկրաինայի սահմանին լարվածությունը մեծանում է: Այս մասին «Россия 1» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը, գրում է vedomosti.ru կայքը:
«Հաշվի առնելով շփման գծում գործողությունները, մենք տեսնում ենք, որ Կիևը մտադիր է սրել իրավիճակը ընդհուպ մինչև լիարժեք ռազմական գործողություններ: Ինչու նրանք չեն հասկանում սրա ինքնասպանական բնույթը և ինչու են գնում այս ճանապարհով, մեզ համար հարց է մնում», - ասել է նա:
Խոսելով հակամարտության սրման պատճառների մասին, Դոնեցկի ղեկավարը նշել է, որ դա կապված է ԱՄՆ-ում Ջո Բայդենի իշխանության գալով, ինչը «վստահություն է ներշնչել Կիևին»:
Ուկրաինայի կառավարության որոշ անդամներին, որոնց Պուշիլինը անվանել է «ծայրահեղական տարրեր», ըստ ԴԺՀ ղեկավարի, ոգեշնչել է նաև Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը և այն փաստը, որ Ադրբեջանը կարողացել է վերադարձնել իրավաբանորեն իրեն պատկանող, բայց պատմականորեն հայերով բնակեցված տարածքները:
Երրորդ պատճառը, որը նշել է Պուշիլինը, Ուկրաինայում առկա քաղաքական և տնտեսական ճգնաժամն է: