30 տարի պայքարեցինք հանուն հայրենիքի ու հաղթեցինք, 2018-ին եկավ մի իշխանություն, որը ծրագրավորված փորձում է հանձնել մեր երկիրը թշնամուն. Սևանում հանրահավաքի մասնակից
Այսօր մեզ այստեղ բերել է հայրենիքի, մեր երկրի, մեր պետականության կորուստի վտանգը, եկել ենք այստեղ՝ խոսելու ճշմարտության մասին, և ցույց տալու այն բանալին, ինչով կարող ենք մեր երկիրը փրկել: Այս մասին Սևան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասել է ՀՅԴ կամավորական շարժում կազմակերպության խորհրդի անդամ, ազատամարտիկ Իգոր Սարգսյանը:
«30 տարի առաջ ինձ համակել էր հայրենիքի պաշտպանության մղումը, պայքարեցինք հանուն հայրենիքի, Արցախի մեզնից խլած որոշ չափը հետ բերեցինք, մեր մեջքը ուղղեցինք, հայի արժանապատվությունը պահեցինք, հաղթեցինք և փորձեցինք պետականություն ստեղծել: Սակայն 2018 թվականին եկավ իշխանություն, որը քայլ առ քայլ ծրագրավորված փորձում է հանձնել մեր երկիրը թշնամուն, ով պատմության ընթացում ձգտել է ոչնչացնել մեր տեսակը, մեր հող ու ջրից կտրել մեր ժողովրդին»,-ընդգծել է նա:
Իգոր Սարգսյանը նշել է, որ 2018-ի իշխանափոխությունից առաջ այսօրվա իշխանությունները կոչ էին անում մերժել կոռուպցիան, սակայն իրենք բերեցին կոռուպցիա ու կաշառակերություն. «Նրանք եկան՝ քանդելու կրթությունը, դպրոցը, բանակը, հավատքը և այսօր էլ վերացնում են այն արժեքները, ինչը մեզ համար բարձրագույնն է ՝ ընտանիքը, էլ գենդերային հավասարությունը բերեցին, անորոշ սեռի գաղափարախոսությունը, եկել են թուրքի ծրագրով: Հավատացեք, իշխանության կռիվ չէ, հայրենիք կորցնելու խնդիր է, վտանգի մեջ ենք: Հայրենիքը կորցրեցինք, մեր այս տեսակն ենք կորցնելու»: