Ըստ տխրահռչակ փաստաթղթի՝ մենք գնում ենք խաղաղության, ապա ինչո՞ւ են ապրիլի 6-8-ը իրականացվում թուրք-ադրբեջանական զորավարժությունները. Կարեն Հովհաննիսյան
Թուրք-ադրբեջանական զորավարժությունները միշտ միտված են եղել հայկական կողմին վախի մթնոլորտում պահելու համար, այս ժամանակաշրջանում այդ քայլերը ևս բացառություն չեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ապրիլի 6-ից 8-ը իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին:
«Պատերազմից հետո զորավարժությունների թեման դարձել է բավականին խնդրահարույց, քանի որ եթե ըստ տխրահռչակ փաստաթղթի՝ մենք պատրաստվում ենք խաղաղության, ապա ինչի՞ համար են սկսվում թուրք-ադրբեջանական զորավարժությունները, ընդ որում այդ զորավարժությունների հասցեատերը կամ նշանակետը Հայաստանի Հանրապետությունն է, դա պարզ ու հստակ է նույնիսկ արտաքին դաշտի համար»,- ասաց նա:
Փորձագետի հավաստմամբ՝ հայկական կողմը, որպես պատասխան, չպետք է զորավարժություններ իրականացնի ստեղծված իրավիճակում, մեր կողմը պետք է այլ պատասխան տա:
«Մենք պետք է խորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը ռազմական դաշնակիցների հետ՝ Ռուսաստանի, Իրանի կամ մեկ այլ պետության հետ:Հայաստանը պետք է իր ռեսուրսները ներդնի ռազմական գործընկերներ ձեռք բերելու վրա, մենք պետք է խորացնենք մեր արտաքին հարաբերությունները և ձեռք բերենք նոր սպառազինություն, ոչ թե օգտագործենք նախկինները, տվյալ պարագայում դա կլինի նրանց զորավարժություններին համարժեք պատասխան»,– նշեց Կարեն Հովհաննիսյանը: