Ֆրանսիայի ՆԳ նախարարը հանձնարարել է ոստիկանությանը պարզել՝ մասնակցել են արդյոք նախարարները անօրինական երեկույթներին
Կիրակի Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը դիմել է Փարիզի ոստիկանության պետ Դիդյե Լալեմանին՝ պահանջելով հետաքննել ԶԼՄ-ներում տարածված պնդումները, որ մի շարք նախարարներ մասնակցել են անօրինական երեկույթների կարանտինի պայմաններում գաղտնի գործող ռեստորաններում կամ մասնավոր ակումբներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«М-6-ի ռեպորտաժի կապակցությամբ ես խնդրել եմ Փարիզի ոստիկանության պետին ստուգել ներկայացված տեղեկությունների իսկությունը: Եթե դրանք ճշմարիտ են, անօրինական ճաշկերույթների մասնակիցներն ու կազմակերպիչները պետք է պատժվեն»,-գրել է ՆԳ նախարարը թվիթերյան էջում:
Հեռուստաալիքն իր ռեպորտաժում ցույց է տվել ինչ-որ տարածք, որն, իր տեղեկություններով, գաղտնի ռեստորան է, որը տեղակայված է Փարիզի հեղինակավոր թաղամասերից մեկում: Ռեպորտաժում երեւում է, որ ռեստորանի ո՛չ մատուցողները, ո՛չ այցելուները չեն կրում պաշտպանիչ դիմակներ: Հեռուստաալիքը նաեւ ցույց է տվել կադրեր, հավանաբար, մասնավոր ակումբում գաղտնի երեկույթի, որի մասնակիցները նույնպես առանց դիմակ էին: Այդ մարդկանցից մեկը հայտնել է M-6-ին, որ մեկ շաբաթ առաջ եղել է երկու-երեք գաղտնի աշխատող ռեստորանում, որտեղ տեսել է մի քանի նախարար:
Ֆրանսիայի ՆԳՆ-ին կից նախարար պատվիրակ Մարլեն Շյապան, որին Europe 1 ռադիոկայանից հարցրել են այդ իրավիճակի մասին վերաբերմունքի վերաբերյալ, հայտարարել է, որ, եթե նախարարներն ու պատգամավորներն իսկապես խախտել են հաստատված կանոնները, նրանք պետք է տուգանվեն, ինչպես այդպիսի իրավիճակում ցանկացած այլ քաղաքացին: Էկոնոմիկայի, ֆինանսների եւ վերականգնման նախարար Բրյունո Լե Մերը, RTL ռադիոկայանի եթերում պատասխանելով համանման հարցին, ընդգծել է, որ բոլոր նախարարները պարտավոր են պահպանել սահմանված կանոնները: «Նրանցից ոչ մեկը չի կարող հույս ունենալ իր նկատմամբ ինչ-որ բացառության մասին»,-նշել է Լե Մերը: