Ուզում եմ այդ կեղծ հայրենասերներին հարցնել՝ ո՞ւր էին, երբ Կարմիր Շուկան 15 օրից ավել վտանգված էր. Արայիկ Հարությունյան
Մենք փուլ առ փուլ պետք է վերականգնենք հավատը մեր ապագայի նկատմամբ: Այս մասին Մարտունու շրջանում երեկ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով մարտի 31-ին աշխատանքային այցով եղել է Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում:
«Մենք պետք է կարողանանք վեր հանել խնդիրները, վերագտնելով մեզ նոր օրակարգով, նոր ծրագրերով, նոր ճանապարհային քարտեզով շենացնենք, զարգացնենք մեր երկիրը»,-ասելօ է նա և անդրադարձել մի քանի կարևոր հարցերի:
«Ամենակարեւոր հարցը, որ մեր երկրի ներքին թշնամիները խաթարում են մեր անդորրը՝ չհասկանալով, որ ամեն մի սադրիչ նյութ տարածելով հերթական հոգեբանական ճնշումն գործադրում, վիրավորանքն են փոխանցում մեզ:
Գլխավոր թեման Կարմիր Շուկայի թեման է. Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ ինքնահաստատման առումով այս փուլում, կեղծ հայրենասիրական օրակարգով փորձում է մեղադրել մեզ, իբր պատրաստվում ենք ինչ-որ գործարքներ իրականացնել ինչ-որ նպատակներով: Ուզում եմ այդ կեղծ հայրենասերներին հարցնել՝ ո՞ւր էին, երբ Կարմիր Շուկան ավելի քան 15 օր վտանգված էր և ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր զավթել, խլել Կարմիր Շուկան: Չեմ ուզում ասել, թե այդ օրերին քանի անգամ եմ եղել Կարմիր Շուկայում, և օրական քանի անգամ էի կապվում Կարմիր Շուկայի պատասխանատուների, Արցախի հերոս Արարատ Մելքումյանի հետ:
Մենք Կարմիր Շուկայում 150 տուն ենք կառուցում, և այդ մարդիկ մեզ մեղադրում են, որ Կարմիր Շուկան պատրաստվում ենք հանձնել: Կարմիր Շուկայի թեման փակված է, բաց էլ չի եղել: Ընդհանուր առմամբ, որևէ ստվերային համաձայնություն, որևէ փուլում չի լինելու: Մենք ունենք հստակ օրակարգ՝ շարունակել պայքարն անկախության համար: Մենք այդ ճանապարհից հետ նահանջ չենք ունենալու»,-հայտարարել է Արայիկ Հարությունյանը: