Վոլոդինը նախազգուշացրել է ռուսաստանցիներին Վրաստան մեկնելու վտանգավորության մասին
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը մեկնաբանել է իրավիճակը ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների՝ Վրաստան ժամանելու հետ կապված: Ըստ նրա՝ հեռուստաաստղի այցի շուրջ իրադարձությունները ցույց են տալիս, որ արմատականությունը մեծապես որոշում է այս երկրի ներքին քաղաքականությունը:
Իր Telegram ալիքում նա նշել է, որ սա «ոչ մի լավ բանի չի հանգեցնի»: Խորհրդարանի ստորին պալատի նախագահը հիշեցրել է, որ 2019 թվականին Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ընթացքում նման իրադարձություններ տեղի ունեցան նաև Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ կապված:
Արդյունքում, ինչպես նշել է Վոլոդինը, այն, ինչ տեղի է ունենում «ամառային զբոսաշրջային սեզոնի նախօրեին, մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է մեր երկրի քաղաքացիների այնտեղ գտնվելը»: