Վրաստանում քաղաքական ճգնաժամը լուծելու հարցում իշխանությունն ու ընդդիմությունը կրկին չեն կարողացել համաձայնության հասնել. Եվրախորհրդի ղեկավարի ներկայացուցիչ
Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը կրկին չի հաջողվել քաղաքական ճգնաժամից դուրս գալու հարցում համաձայնության հասնել ընդդիմության հետ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Եվրախորհրի ղեկավար Շառլ Միշելի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը:
«Այսօր ավարտեցի Վրաստանում միջնորդական աշխատանքի 2-րդ փուլը: Ճգնաժամից ելք կա, դրանք վերաբերում են շատ կարևոր բարեփոխումների ընտրական և արդարադատության ոլորտներում: Դրանք այն որոշումներն են, որոնք երկրի շահը ամենից վերը կդասեին, բայց, ցավոք, կուսակցություններից ոչ մեկն այդ որոշումը չի կայացրել»,- հայտարարել է Դանիելսոնը:
Եվրախորհրդի ղեկավարի ներկայացուցիչը Թբիլիսի է ժամանել մարտի 28-ին՝ Շառլ Միշելի հանձնարարությամբ՝ ներքաղաքական ճգնաժամը կարգավորելու նպատակով: Երկուշաբթի օրը նա հանդիպել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, ինչպես նաև՝ առանձին բանակցություններ վարել ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, որը կառավարությունը ղեկավարում էր 2019 թվականի սեպտեմբերից, վարչապետի պաշտոնը լքել էր պատգամավոր, «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալության և այդ հարցի շուրջ իր թիմի հետ տարաձայնությունների ֆոնին։
Մելիայի ձերբակալությունը քաղաքական ճգնաժամ է առաջացրել, որը Վրաստանում սկսվել է դեռևս 2020 թվականի նոյեմբերին, քանի որ ընդդիմությունը չի ճանաչում աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունները և հրաժարվում է աշխատել խորհրդարանում՝ պահանջելով անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ: