Լարի Քուդլոու․ Հարուստների համար հարկերը բարձրացնելու Բայդենի ծրագիրը «դասակարգային պատերազմ» կհրահրի
Հարուստների համար հարկերը բարձրացնելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ծրագիրը «դասակարգային պատերազմ» կհրահրի: Այսպիսի կարծիք է հայտնել Սպիտակ տան նախկին տնտեսական խորհրդական Լարի Քուդլոուն:
Քուդլոուն, ով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք զբաղեցրել է Ազգային տնտեսական խորհրդի տնօրենի պաշտոնը, կարծում է, որ «այդ նախաձեռնությունների մեծ մասն ուղղված է բիզնեսի դեմ»: «Սա դասակարգային պատերազմ է հարուստ մարդկանց դեմ»,- ասել է նա, հայտնում է NYP-ը:
Բարձր հարկերը «չեն կառուցի տնտեսությունը»: «Դուք գլոբալ առումով մրցունակ չեք դառնա: Ներդրումներ չեք բերի: Դուք պատրաստվում եք վանել ներդրումը: Կորպորացիաները կհեռանան... Եթե մենք պատերազմում ենք բիզնեսի եւ հարուստ ներդրողների դեմ, դա խելահեղություն կլինի: Եւ սա դասակարգային պատերազմի մի մասն է, որը մեծ վնաս կհասցնի մեր տնտեսությանը եւ ֆոնդային շուկային»,- շարունակել է նա:
Նախատեսվում է, որ նախագահն այս շաբաթ կներկայացնի ենթակառուցվածքների վերաբերյալ իր վարչակազմի 3 տրիլիոն դոլար արժողությամբ ծրագիրը: Այն կարող է ներառել հարկային առաջարկներ: Հաղորդվում է, որ նա դիտարկում է տարեկան 1 միլիոն դոլարից ավելի աշխատող մարդկանց կապիտալ շահույթի հարկի դրույքաչափը բարձրացնելու եւ տարեկան 400 000 դոլար կամ ավելի եկամուտ ստացող տնային տնտեսությունների համար եկամտահարկի դաշնային դրույքաչափը բարձրացնելու հնարավորությունը: Նախագահը նաեւ կորպորատիվ հարկի տոկոսադրույքը 21 տոկոսից 28 տոկոս բարձրացնելու մտադրություն է հայտնել: