Թբիլիսիում հայտնել են քաղաքապետի ինքնազգացողության բարելավման մասին
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որն ինքնազգացողության վատթարացման հետևանքով հիվանդանոցում էր հայտնվել, իրեն ավելի լավ է զգում և շուտով կվերադառնա աշխատանքի: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ, որն այսօր է տարածվել:
Նշվում է, որ լրացուցիչ հետազոտություններից հետո բժիշկները Կալաձեին տվել են «իշեմիկ ծագման վեստիբուլար դիսֆունկցիա» վերջնական ախտորոշումը:
«Կախա Կալաձեն շարունակում է բուժումը հիվանդանոցում, աշխատում է հեռակա կարգով և շուտով կվերադառնա սովորական աշխատանքային ռեժիմին»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:
Թբիլիսիի 42-ամյա քաղաքապետը մեկ շաբաթ է, ինչ չի երևացել հանրության շրջանում: Նախօրեին հայտնի դարձավ, որ վերջինս բուժում է ստանում երկրի հիվանդանոցներից մեկում: