Հս. Կորեա, Ռուսաստան, Աֆղանստան, կորոնավիրուս. ինչ թեմաների է անդրադարձել Բայդենն իր առաջին նախագահական ասուլիսի ընթացքում. Al Jazeera-ի անդրադարձը
Արաբական Al Jazeera պարբերականի Սպիտակ տան թղթակից Քիմբերլի Հալքեթը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջին նախագահական ասուլիսի մասին, որը կայացել է այսօր:
Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցի անդրադարձը.
«Շատ լավ ելույթ»
Հալքեթը դրական գնահատական է տվել ասուլիսի ժամանակ Բայդենի ընդհանուր ելույթին ավելի վաղ հնչած այն քննադատությունների ֆոնին, ըստ որոնց՝ 78-ամյա նախագահը «միգուցե չի կարողանա առողջական խնդիրների պատճառով լավ ասուլիս անցկացնել»:
ԱՄՆ-ն կմրցի Չինաստանի և Նախագահ Սի Ծինպինի հետ
Նախագահը նշել է, որ լավ հարաբերություններ ունի իր չինացի գործընկեր Սի Ծինփինի հետ, որի հետ Բայդենը երկժամյա նախնական հեռախոսազրույց է ունեցել:
«Նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նման տղամարդկանցից է, որը կարծում է, որ ավտոկրատիան ապագայի ալիքն է, և ժողովրդավարությունը չի կարող գործել ավելի բարդ աշխարհում»,- ասել է Բայդենը:
Նա նաև նշել է, որ չինացի առաջնորդին հասկացրել է, որ ԱՄՆ-ն սեփական տնտեսության և ժողովրդավարության մեջ ներդրումներ կանի, կմրցի Չինաստանի հետ ապագայի տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելով և կաջակցի մարդու իրավունքների պաշտպանությանը:
«Սա պայքար է 21-րդ դարի ժողովրդավարական պետությունների և ավտոկրատների միջև: Մենք պետք է ապացուցենք, որ ժողովրդավարությունը գործում է»,- ասել է Բայդենը:
Բայդենի «ակնկալիքն» է վերընտրվել նախագահի պաշտոնում 2024 թվականին
Ենթադրությունների ֆոնին, որ 78-ամյա Բայդենը նախագահի պաշտոնը կզբաղեցնի ընդամենը մեկ անգամ, նրան հարցրել են, թե ինչ է նախատեսում անել 2024 թվականին կայանալիք հաջորդ նախագահական ընտրություններին:
«Իմ ծրագիրն է վերընտրվել: Դա իմ ակնկալիքն է»,- ասել է Բայդենը:
Բացի այդ, նախագահը շեշտել է, որ ինքը «ճակատագրի մեծ հարգող է»: Նա մանրամասնել է՝ ինքը երբեք չի կարողացել 3-4 տարի առաջ ծրագրեր կազմել:
Բայդենը հավելել է նաև, որ «լիովին կսպասեր», որ ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Կամալա Հարիսը դարձյալ առաջադրվեր պաշտոնում:
«Նա հոյակապ աշխատանք է կատարում: Նա հիանալի գործընկեր է»,- շեշտել է նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նա սպասում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ ռևանշի, Բայդենը ծիծաղել է և ասել. «Ես նույնիսկ դրա մասին չեմ մտածում: Ես գաղափար չունեմ: Ես գաղափար չունեմ, թե արդյոք կլինի Հանրապետական կուսակցությունը»:
«Հյուսիսային Կորեան արտաքին քաղաքական գերխնդիր է». Բայդեն
Հարցին, թե համաձայն է իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի հետ, որի խոսքով, Հյուսիսային Կորեան արտաքին քաղաքական գերխնդիր է, Բայդենը դրական պատախան է տվել:
«Այո»,- ընդգծել է նա:
Նա ասել է, որ հինգշաբթի Հյուսիսային Կորեայի կողմից երկու բալիստիկ հրթիռներ Ճապոնական ծով արձակելու ֆոնին՝ ԱՄՆ-ն «խորհրդակցում է իր դաշնակիցների և գործընկերների հետ, և հարկ եղած դեպքում համարժեք պատասխան կտրվի»:
«Ես ևս պատրաստ եմ որոշակի դիվանագիտության, բայց դա պետք է պայմանավորված լինի ապամիջուկայնացման վերջնական արդյունքով»,- ավելացրել է Բայդենը:
Բայդենն ԱՄՆ զորքերը 2023 թվականին Աֆղանստանում «չի պատկերացնում»
Հարցին, թե ԱՄՆ զորքերը դուրս կբերվեն Աֆղանստանից նախորդ նախագահ Թրամփի գործարքի համաձայն, Բայդենը պատասխանել է. «Դժվար կլինի պահպանել մայիսի 1-ի վերջնաժամկետը... զորքերը դուրս բերելու համար»:
«Իմ նպատակը չէ այնտեղ երկար մնալը»,- շեշտել է Բայդենը:
Դիտարկմանը, թե արդյոք հաջորդ տարի ԱՄՆ զորքերը կարող են լինել Աֆղանստանում, նա արձագանքել է. «Ես դա պատկերացնել չեմ կարող»:
Բայդենը շեշտել է պատվաստման նպատակները
Իր մամուլի ասուլիսի բացման ընթացքում Բայդենը հայտարարել է, որ կրկնապատկում է հակակորոնավիրուսային պատվաստումների նախապես սահմանված քանակը:
«Մենք իմ պաշտոնավարման 100-րդ օրվա ընթացքում արդեն իսկ իրականացրել ենք 200 միլիոն ներարկում»,- մանրամասնել է նա:
Բայդենի նախնական նպատակը՝ 100 օրվա ընթացքում 100 միլիոն պատվաստում կատարելը, որի մասին հայտարարվել էր դեկտեմբերին՝ պատվաստումների արշավի մեկնարկից առաջ, կյանքի է կոչվել անցյալ շաբաթ՝ նրա նախագահության 58-րդ օրը: