Ռուսաստանցիները հետաքրքրված են Հայաստանի զբոսաշրջային ներուժով
Հայաստանը «MITT» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում ներկայացվել է 20 կազմակերպությունների կողմից՝ դառնալով բոլոր մասնակիցների շրջանում ամենաներկայացուցչականներից մեկը: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի եւ խթանման վարչության խորհրդական Անի Արեւշատյանը:
Նա պարզաբանեց, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են թռիչքների վերսկսման եւ համագործակցության հարցերը:
Զբոսաշրջային ընկերության աշխատակից Անահիտ Այվազյանը հավելեց, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն է եղել Ռուսաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչների կողմից, անգամ հարցումներ են ստացվել անհատական, խմբային, էքստրեմալ եւ կորպորատիվ շրջագայությունների հետ կապված:
Մեկ այլ զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Գագիկ Հակոբյանն էլ հայտարարեց, որ հայկական տաղավարի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է: «Մարդիկ հետաքրքրվում են այդ թվում ավիատոմսերի գներից: Իհարկե, գրեթե անհնար է ապահովել, որ կորոնավիրուսի շրջանում գները լինեն 60 000-80 000 դրամի սահմաններում»,-հավելեց նա:
Հակոբյանը նշեց տեղեկատվական քաղաքականության մեջ պետության կարեւոր դերը:
Անի Արեւշատյանը պարզաբանեց, որ իշխանություններն ակտիվորեն աշխատանք են տանում այդ ուղղությամբ, այդ թվում՝ արաբական երկրներից պոտենցիալ զբոսաշրջիկների ներգրավման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ «MITT» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը կայացել է Մոսկվայում մարտի 16-18-ը: