Դատավորների նկատմամբ ճնշումներ լինում են, սակայն այնպիսի ճնշումներ, որոնց համար անհրաժեշտ լինի հանցագործության մասին հաղորդում ներկայացնել կամ ԲԴԽ դիմել, իմ հանդեպ չեն եղել․ Դավիթ Հարությունյան
Կարծում եմ՝ յուրաքանչյուր դատավոր ինքը կարող է իր գործունեության վերաբերյալ հստակ գնահատականներ տալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում դատական իշխանության անկախությունը։
«Ես իմ մասով կարող եմ ասել։ Նշանակման օրվանից փորձել եմ աշխատել դատավորի երդմանս համապատասխան, և որևէ ճնշում ինձ համար նշանակություն չունի»,– ասաց նա։
Հարցին՝ ճնշումներ լինո՞ւմ են իր վրա որպես դատավոր, օրինակ՝ կալանքի որոշումներ կայացնելու համար, դատավորը պատասխանեց․
«Ճնշումներ, բնականաբար, կարող են լինել, և լինում էլ են, սակայն այնպիսի ճնշումներ, որոնց համար անհրաժեշտ լինի հանցագործության մասին հաղորդում ներկայացնել կամ ԲԴԽ դիմել, իմ հանդեպ չեն եղել։ Ճնշումների տարբեր դրսևորումներ կարող են լինել։ Անձամբ ինձ երբեք չեն փորձել ճնշել»։