Վրաստանում Հասանովի Nexol Holding-ը տարածաշրջանը ինտերնետով ապահովող Caucasus Online-ի անօրինական սեփականատեր է ճանաչվել
Վրաստանի Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը Nexol Holding ադրբեջանական ընկերության հիմնադիր Նասիբ Հասանովին մեղադրել է անօրինական գործողությունների մեջ եւ մերժել պայմանագրերի կնքումը, հայտնում է «Sputnik- Գրուզիան»:
Caucasus Online-ը հեռահաղորդակցության ընկերություն է, որը տարածաշրջանում առաջատար է: Այն ստեղծվել է 2006 թվականին երկրի հաղորդակցությունների առաջատար ընկերությունների՝ Caucasus network-ի (հիմնադրվել է 1998 թվականին, Վրաստանի համացանցային փրովայդերներից առաջիններից մեկն է), Georgian Online-ի, Sanet-ի եւ Telenet-ի միավորման հիման վրա:
Կարգավորողի տեղեկություններով՝ Հասանովը նախ առանց Ազգային հանձնաժողովի հետ համաձայնեցնելու, անօրինականորեն ձեռք է բերել ընկերության 49 տոկոսը, իսկ 2020 թվականի օգոստոսին եւս մեկ անգամ է խախտել օրենքը եւ արագացված կարգով, առանց Հանձնաժողովի համաձայնության, գնել է ընկերության մնացյալ 51 տոկոսը:
«Ներկայումս Հասանովը Caucasus Online Ltd-ի բաժնետոմսերի 100 տոկոսի անօրինական սեփականտերն է»,- նշված է Հանձնաժողովի հայտարարության մեջ:
Ընկերության բաժնեմասերի ձեռքբերումը տեղի է ունեցել գործարքի պայմանների խախտումների պատճառով դատական նիստերի եւ բազմաթիվ տուգանքների ֆոնին:
«Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» օրենքի համաձայն՝ այն դեպքում, երբ իրավազոր անձը վաճառում է ավելի քան 5 տոկոսի բաժնեմաս, պարտավոր է դիմել հանձնաժողովին եւ ստանալ նրա համաձայնությունը: Ընկերությունները բաժնեմասերը տնօրինել են՝ նախապես այդ մասին չհայտնելով կարգավորողին, ինչով խախտել են Վրաստանի գործող օրենսդրությունը:
Արդեն 2020 թվականի հոկտեմբերին ընկերությունում նշանակվել է հատուկ կառավարիչ, որ ընկերության գործունեությունը վերադարձնի օրենքի շրջանակ: 2020 թվականի դեկտեմբերին հատուկ կառավարիչն արգելափակել է ընկերության 2 համաձայնագրեր:
Դրանցից մեկը ղազախական «Տրանստելեկոմ» ԲԲԸ-ի հետ էր, իսկ երկրորդը՝ թուրքական АО SOCAR Turkey Fiber Optik A.Ş ընկերության հետ:
«Երկու փաստաթղթերում էլ Caucasus Online-ը դիտարկվում էր որպես ադրբեջանական Nexol Holding-ի դուստր ընկերություն»,- նշում է Հանձնաժողովը:
Ընդ որում՝ ընդգծվում է, որ համաձայնագրերն իրենցից ներկայացնում էին Ադրբեջանի եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ հուշագրի իրականացում՝ Կասպից ծովի հատակով օպտիկական մանրաթելային մալուխի անցկացման մասին:
Caucasus Online-ը 2008 թվականից 1200 կիլոմետրանոց ստորջրյա օպտիկական մանրաթելային մալուխի միանձնյա սեփականատերն է: Հենց այս մալուխի միջոցով է իրականացվում Եվրոպայից Հարավային Կովկաս եւ Կասպից ծովի տարածաշրջան ինտերնետի տարանցիկ փոխանցումը: Սեւ ծովի հատակով անցնող օպտիկական մանրաթելային մալուխի միջոցով է հնարավոր դարձել Եվրոպայից Ասիա բարձր որակի ինտերնետի տրամադրումը: