Հայաստանն այս օրվան հասցրեց պոպուլիզմը, արցախցի երեխաների երգը չպիտի լիներ՝ «Թողեք ապրենք»–ը. Սրբուհի Գրիգորյան (տեսանյութ)
Հայաստանն այս օրվան հասցրեց պոպուլիզմը, եթե բոլորդ բավարար գործ անեիք, մենք չէինք կանգնի այդպիսի փաստերի առաջ: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը:
«Ես հետևում եմ քաղաքական գզվրտոցին և հետևում եմ դիտորդի պես, որովհետև ոչ մի ձևով չեմ կարող ներգրավվել այս գործընթացում, ես իմ առաքելությունը դա չեմ պատկերացնում: Սին խոսքերն ու պոպուլիզմը Հայաստանը դարձրին այսպիսին, բոլորդ, եթե միայն բավարար չափով գործ արած լինեիք, արդյո՞ք կապրեինք այս նվաստացուցիչ օրերը»,- ասաց Սրբուհի Գրիգորյանը:
Պատգամավորը նշեց՝ գրեթե ոչինչ չի արվել, որ այսօրվա դրությամբ երկրում չլիներ այսպիսի կարգավիճակ և արցախցի երեխաների համար խաղաղ ապրելը չպետք է լիներ երազանք:
«Այդ երբվանից ազատագրումը աշխարհն ընկալեց՝ որպես օկուպացիա, հաշվարկեք և գտեք այդ կետը: Արցախցի երեխաների երգը չպիտի լիներ՝ «Թողեք ապրենք»–ը, արել ենք մի քայլ, որ դա չդառնան երազանք և ցանկություն»,- նշեց պատգամավորը:
Ելույթի ընթացքում նա նաև անդրադարձավ Սյունիքի կարգավիճակին՝ նշելով, թե գրեթե ոչինչ չի արվել, որ սահմանամերձ բնակավայրերը չհայաթափվեն և սահմանամերձ գյուղերի երեխաների համար վերանորոգված դպրոցում սովորելը չդառնա երազանք:
«Այսօր բոլորը խոսում են Սյունիքից, սահմաններից, իսկ ի՞նչ եք արել, որ տարիներ շարունակ չդատարկվեին սահմանամերձ բնակավայրերը և շատ երեխաներ ծնվեին, ու այդ երեխաները ապրեին առանց սոցիալական խնդիրների, ստանային նորմալ կրթություն, ուսուցչի պակաս չլիներ գյուղերում, չլիներ բժշկի խնդիր, որ նույն Սյունիքի ու մյուս մարզերի մեր երեխաների համար երազանք չմնար նորոգված դպրոցում սովորելը, նկարչական դպրոց ու մանկապարտեզ գնալը»,- մեկնաբանեց նա:
Սրբուհի Սարգսյանը նաև կոչ արեց դադարեցնել զոհված տղաների մասին շահարկումները: «Քաղաքականությունը ամեն առիթ մանիպուլացնելու արվեստ եք դարձրել ու դրա համար սահման չեք ճանաչում, դադարեցրեք շահարկել զոհված մեր տղաներին, դադարեցրեք օգտագործել նրանց մայրերի արցունքները և բավական է իրարից վրեժ լուծեք, ազատվեք իրար նկատմամբ ատելության այս մեծ չափաբաժնից»,- ասաց նա: