«Մարդիկ հետևում էին մեզ, ցանկանում էին դիպչել նրան»․ Մայքլ Ջեքսոնի որդին խոստովանել է, որ մանուկ հասակում զարմանալի էր տեսնել՝ ինչպես են երկրպագուներն ուշագնաց լինում հորը տեսնելիս (Տեսանյութ և լուսանկարներ)
«Փոփի արքա» կոչումը ստացած Մայքլ Ջեքսոնի ավագ որդին՝ Մայքլ Ջեքսոն կրտսերը, որը հանդես է գալիս Մայք կամ Փրինս անուններով, Fox Soul-ի եթերում խոստովանել է, որ մանուկ հասակում զարմանալի էր տեսնել՝ ինչպես են երկրպագուները հորը տեսնելիս ուշագնաց լինում։
24-ամյա երիտասարդի խոսքով՝ այդ պահին սկսել է գիտակցել՝ հայրն իրականում ով է։
«Մարդիկ հետևում էին մեզ, ցանկանում էին խոսել հորս հետ, դիպչել նրան։ Բայց 10 կամ 11 տարեկան էի, երբ դիտեցի հորս ելույթի տեսանյութը․ հազարավոր մարդիկ էին հավաքվել, երկրպագուներից ոմանք ուշագնաց էին լինում։ Հորս հարցրի․ «Ինչո՞ւ են մարդիկ ուշագնաց լինում։ Ես քեզ ամեն օր տեսնում եմ, բայց ուշագնաց չեմ լինում»»,- ասել է Փրինսը։
Հարցին, թե ինչ անգնահատելի խորհուրդ է նրան տվել հայրը, Ջեքսոնի ավագ որդին խոստովանել է՝ մինչ օրս հիշում է ուսման և գիտելիքների վերաբերյալ հոր խորհուրդը։
«Ես երբեք չեմ դադարում սովորել: Ես ավարտել եմ համալսարանը, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեմ սովորել։ Հայրս միշտ ասում էր․ «Այն պահին, երբ դադարում ես սովորել, սկսում ես մահանալ»,- հավելել է նա։