Ավստրիայի կանցլերն Իսրայել է ժամանել ուկրաինացի օլիգարխին պատկանող ինքնաթիռով. Der Spiegel
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը մարտին իրականացված թռիչքներից մեկի համար օգտագործել է ուկրաինացի հայտնի օլիգարխներից մեկին պատկանող ինքնաթիռը:
Այս մասին գրում է գերմանական Der Spiegel պարբերականը, նշելով՝ կանցլերի այդ քայլը շատ հարցեր է առաջացնում այն դեպքում, երբ Վիեննան պայքարում է այդ օլիգարխի՝ ԱՄՆ արտահանձման դեմ:
Պարբերականի տեղեկություններով՝ մարտի սկզբին Ավստրիայի կանցլերը կարճատև այցով ժամանել է Իսրայել: Հենց այս այցի ընթացքում էլ ավստրիացի պաշտոնյան օգտվել է Վիեննայի քաղաքական շրջանակում լավ կապեր ունեցող ուկրաինացի օլիգարխին՝ Դմիտրի Ֆիրտաշին պատկանող ինքնաթիռից:
Ինչպես նկատում է գերմանական լրատվամիջոցը, գործարարն արմատներով Ուկրաինայից է, որտեղ մի քանի տասնամյակ է, ինչ նա հայտնի է «որպես գորշ կարդինալ»:
«Սրա վառ օրինակն այն է, որ նա ժամանակին սատարում էր բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Կիևի այսօրվա քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի կուսակցությանը: Իսկ Եվրոմայդանից հետո Ֆիրտաշը, ըստ երևույթին, համաձայնել էր, թե ով է հավակնելու նախագահի պաշտոնին: Մասնավորապես, Վիեննայում կայացած զրույցից հետո Կլիչկոն հրաժարվել էր մասնակցությունից, որից հետո էլ միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն էր առաջադրել իր թեկնածությունը»,- նկատում է Der Spiegel-ը:
Ինչ վերաբերում է Ավստրիայի հետ օլիգարխի կապին, ապա այս առնչությամբ գերմանական պարբերականը նշում է՝ Ֆիրտաշը մի քանի տարի է, ինչ գտնվում է Վիեննայում:
«Ուկրաինայում նրան ձերբակալություն է սպառնում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը փորձում է գործարարի արտահանձմանը հասնել: Նրա դեմ հետաքննություն է ընթանում կոռուպցիայի կասկածանքով: Ամերիկացի քննիչները ևս հետաքրքրված են Ֆիրտաշով, քանի որ նա համարվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տասնամյակներ շարունակ կնքված գազի գործարքների առանցքային դեմքը»,- մանրամասնվում է հոդվածում:
Der Spiegel-ը վկայակոչում է նաև Ավստրիայի կանցլերի գրասենյակի արձագանքը, նշելով՝ գերատեսչությունը պաշտոնյայի՝ օլիգարխի ինքնաթիռով թռչելը սովորական բան է համարում:
«Բացարձակապես նորմալ և ստանդարտ ընթացակարգ է անհատական թռիչքների ամրագրումը Avcon Jet-ի նման ընկերությունների միջոցով: Մենք ոչ մի տեղեկություն չունենք այն մասին, թե ում է պատկանում կոնկրետ ինքնաթիռը, և դա իրականում նշանակություն էլ չունի»,- ասվում է հաղորդագրությունում: