Լոնդոնի ոստիկանները ցրել են 33-ամյա կնոջ դաժան սպանության հիշատակի ցույցը. ֆոտո
Լոնդոնի ոստիկանությունը քննադատության է ենթարկվել քաղաքական շրջանակներում 33-ամյա Սառա Էվերարդի դաժան սպանության հիշատակի ցույցը կոպտորեն ցրելու համար, հաղորդում է BBC-ն:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Էդ Դեւվին կոչ է արել հանձնակատար Քրեսիդ Դիքին հրաժարական տալ խայտառակ տեսարանների պատճառով, իսկ ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելին խնդրել է զեկույց ներկայացնել տեղի ունեցածի մասին:
Ոստիկանությունը հայտարարել է, որ ցույցի ժամանակ իրականացրել է չորս ձերբակալություն մարդկանց անվտանգությունն ապահովելու համար:
Մի քանի հարյուր մարդ էր հավաքվել շաբաթ երեկոյան Քլեփհեմ Քոմոնում հարգանքի տուրք մատուցելու սպանված 33-ամյա կնոջ հիշատակին՝ չնայած կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ ընդունված սահմանափակումներին:
Reclaim These Streets կազմակերպությունը հայտարարել է, որ խորին վրդովմունք եւ զայրույթ են ապրում ոստիկանության գործողությունների պատճառով եւ քննադատել է սպաներին տղամարդ ոստիկանների կողմից կանանց նկատմամբ բռնություն գործադրելու համար:
«Նրանց պատրականությունն է պաշտպանել հասարակական կարգը, բնակչության առողջությունն ու բողոքելու իրավունքը. այսօր նրանք ձախողվել են»,-նշել է կազմակերպությունն իր հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Սառա Էվերարդն անհետ կորել էր անցած շաբաթ, երբ վերադառնում էր տուն իր ընկերոջ տնից: Ավելի ուշ անտառում հայտնաբերվել են նրա մնացորդները: Հանցագործության առչնությամբ առեւանգման եւ սպանության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության սպա Ուեյն Քոուզենսին: