Դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի վերաբերյալ հրապարակումները
Դատախազությունը տվյալներ չունի ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու վերաբերյալ, սակայն ուսումնասիրում է նրա վերաբերյալ հրապարակումները: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Նման փաստի առթիվ քրեական վարույթ չի իրականացվում: Հրապարակման հեղինակները, եթե տիրապետում են իրենց մեջ որոշակիություն և կոնկրետություն պարունակող տեղեկությունների, պարտավոր են փոխանցել իրավապահ մարմիններին: Դատախազությունն ուսումնասիրում է այդ հրապարակումները»,- ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հաստատել է ՀՀ կառավարության որոշումը՝ որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը դադարեցնելու մասին:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մարիան Քլարկ-Հաթինգը շտապ լքել է Հայաստանը։
Նշենք, որ ավելի վաղ Mediaport թելեգրամյան ալիքը հայտնել էր, որ UNİCEF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի: Նա Հայաստանում աշխատանքի է անցել 2020թ. հուլիսին: